Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության ամենամյա մրցանակաբաշությունը հայտարարեց այդ ոլորտում հաղթող10 կազմակերպությունների անունները:

Այդ առիթով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդգծեց, որ մրցանակաբաշխության դիպլոմները տրվում են կառավարության, մասնավորապես՝ վարչապետի կողմից: Սա լրացուցիչ հնարավորություն է՝ նշելու տնտեսավարող սուբյեկտների աշխատելաոճը. այն պետք է ենթադրի մրցունակ արտադրություն, որակյալ ծառայությունների մատուցում և արտահանման ծավալների մեծացում: «Այս մրցանակաբաշխությունը պետք է ոգևորի հայ արտադրողին չբավարարվել եղածով, ձգտել ավելի բարձր որակի ու ծառայությունների մատուցմանը նաև ՀՀ տարածքից դուրս: Մրցանակակիր 10 կազմակերպությունները ոչ միայն մրցունակ են տարածաշրջանում, այլև համարյա համապատասխանում են միջազգային ցուցանիշներին»,- նշեց Տարասյանը:

Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանի խոսքով՝ այս միջոցառման նպատակն ու քաղաքական նշանակությունն այն է, որ հետագայում այս կազմակերպությունները իրավունք ստանան նաև մասնակցել ԱՊՀ երկրների մրցանակաբաշխություններին: Դա կխթանի հետագայում շուկայի ընդլայնման գործընթացին և հնարավուրություն կտա հայ գործարարներին ԵԱՏՄ տարածքում դառնալ ավելի ճանաչելի:

Չափագրության դաշնային գործակալության («Ռոսստանդարտ») պետ Ալեքսեյ Աբրամովը հավելեց, որ ԵԱՏՄ-ն արդեն հնարավորություն է տալիս անդամ-երկրներին ստեղծել ընդհանուր շուկա: «Շատ կարևոր եմ համարում այն փաստը, որ երկրների կառավարությունները զբաղվում են նման ծրագրերի ստեղծմամբ: Արտադրող ընկերությունները, ասպիսով, կարող են նոր սպառողները գտնել նաև արտասահմանյան շուկայում ու շահել նրանց վստահությունը»,- ասաց Աբրամովը: Այս մրցանակաբաշխությունը թույլ է տալիս աջակցել բարեխիղճ գործարարներին, ինչպես նաև ստեղծել մրցունակ շուկա: Աբրամովը հավելեց, որ մասնավորապես մոսկովյան շուկայում հայկական արտադրանքը բավականաչափ շատ է: Նրա կարծիքով՝ Ռուսաստանում առկա է հայկական արտադրանքի ընդլայնման պոտենցիալ: