Իրավաբանության դոկտոր Ենոք Ազարյանը, մեզ հետ զրույցում խոսելով Հայաստանում դատական իշխանության մասին, նշեց, որ այստեղ իրավական վիրահատության կարիք կա, այլապես փտախտը կտարածվի ողջ օրգանիզմով՝ վնասելով ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր իշխանություններին․ «Եթե անդրադառնամ դատական իշխանությանը՝ որպես իշխանության առանձին ճյուղի, ապա երկրի իշխանության ուժեղ կամ թույլ լինելը պայմանավորված է դատական իշխանության հեղինակությամբ, ինչն իր անմիջական ազդեցությունն է ունենում գործադիր եւ օրենսդիր իշխանությունների վրա։ Դատական իշխանությունից բոլորն են դժգոհում, ՄԻՊ-ն իր զեկույցում գրում է, որ որոշ դատավորներ, վարքագծի կանոնները չպահելով, նվազեցնում են վստահությունն արդարադատության համակարգի նկատմամբ։

Դիտարկենք պետությունը որպես ամբողջական մի օրգանիզմ․ պատկերացրեք, որ մարդու օրգանիզմի մի որեւէ մասը գանգրենա է, եւ այդ մասը գիպս են դնում, փոխանակ վիրահատական միջամտություն անեն։ Պարզ է, որ այդ գանգրենան ամբողջությամբ շարքից հանելու է մնացած մասերը։ Մենք խնդիր ունենք կոնկրետ օրակարգային հարց դնելու եւ լուծելու, որով կբարձրանա ե՛ւ ներդրողների, ե՛ւ ՀՀ քաղաքացիների վստահությունը դեպի պետական համակարգը։ Մենք խոսում ենք միայն քրեական արդարադատության մասին, մինչդեռ մոռանում ենք քաղաքացիաիրավական բնույթի գործերի մասին, երբ տարբեր մարդիկ սնանկացման դատավորների ու սնանկացման կառավարիչների թեթեւ ձեռքով, ձեւական բնույթի աճուրդներ կազմակերպելով՝ հազարավոր մարդկանց ունեզրկում են։ Սա նման է հանցավոր սխեմայի, այստեղ կան գումարներ, եւ ես ցանկանում եմ, որ իրավապահ մարմիններն ուշադրություն դարձնեն ոչ միայն քրեական գործով պրոցեսներին, այլ նաեւ քաղաքացիաիրավական բնույթի, որովհետեւ շարունակվում են ունեզրկումները։ Երբ ծանոթանում ես գործին, տեսնում ես, որ 10 հազարը տույժերով ու տուգանքներով դարձել է 100 հազար, մարդը կորցնում է իր տունը, դատարանը հանում է աճուրդի, բայց մարդը տեղյակ չէ թեմայից։

Ձեւական կրթություն ստացած շատ դատավորներ ու պաշտոնյաներ ոչնչով, ըստ էության, չեն տարբերվում Չեխովի «Չարամիտը» պատմվածքի հերոս Դենիս Գրիգորեւիչից, որն անվերապահորեն վստահ էր, որ եթե երկաթգծից պտուտակ հանի, սարսափելի ոչինչ չի կատարվի, բայց իր տնտեսության համար դա պիտանի կլինի։ Որպեսզի այս մեթոդը, այս մտածելակերպը մենք կարողանանք արմատախիլ անել, պետք է հասկանանք, որ գործ ունենք լատենտային հանցագործության հետ, երբ նման դատավորների ձեռքին նույնիսկ ամենալավ օրենքը դառնում է սարդոստայն, որը մեծ բոռերը պատռում անցնում են, իսկ փոքրերը մնում, խճճվում են ե՛ւ քրեական գործերով, ե՛ւ քաղաքացիաիրավական գործերով։ Ամբողջ աշխարհում կան հանցավորության դեմ պայքարի գիտահետազոտական ինստիտուտներ, միայն օպերատիվ գործունեությամբ հանցավորության դեմ պայքար մղելը՝ առանց ստրատեգիկ մեթոդաբանության, լուրջ չէ։ Ամբողջ աշխարհն այդ ինստիտուտներն ունի, որոնք հիմնված են գիտական մտքի վրա եւ համագործակցում են նմանատիպ կառույցների հետ։ Այդ կազմակերպությունն ի զորու կլինի մշակել թաքնված լատենտային հանցագործության սխեմաները, դրանց կանխարգելման գործընթացները, կմշակի գիտական հենքի վրա հիմնված ուղենիշներ՝ օպերատիվ հետախուզական մարմինների կողմից հստակ կանխարգելման գործողությունների համար։ Աշխատել միայն գործակալների ցանցով, «ազդարարի» հիման վրա, այսօր արդարացված չէ»։

-Ասացիք, որ դատական իշխանության թուլացումն ազդում է նաեւ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների վրա, բայց մշտապես ասվում է, որ վերջիններս են ճնշումներ գործադրում դատական իշխանության վրա։

-Ես չեմ կարծում, որ գործադիր իշխանությունը երբեւէ ազդել է դատականի վրա, դատական իշխանությունը վաղուց արդեն մետաստազի մեջ է։ Եթե մարդը լատենտային հանցագործություն է կատարել, ինքը դա գիտի, համապատասխան գիտելիքներ չունի, ձեւական կրթություն է ստացել՝ 200 դոլարանոց ինչ-որ կոոպերատիվ դիպլոմով, ապա այս մարդը նույն Դենիս Գրիգորեւիչի նման իր պտուտակը հանում-տանում է, նրան էլ չի հետաքրքրում, թե գնացքը կշրջվի։ Սա չի վերաբերում միայն դատական իշխանությանը, այլ բոլոր կառույցներին։ Կախվածությունը դրանից չի գալիս, այլ երբ դու գիտես, որ կաշառք ես վերցնում ու արդարադատություն իրականացնում, ապա օպերատիվ գործողություն իրականացնողները վտանգ են իրենց համար, քանի որ հասկանում են, որ դա կարող է բացահայտվել, դրա համար իրենց ոչ ճիշտ ապրած կյանքով ու աշխատանքով սկսում են իրենք կախյալ լինել։ Եթե դու ապրում ես ազնիվ կյանքով, գիտելիքներ ունես, ապա ինչո՞ւ պետք է վախենաս օպերատիվ հետախուզական գործողություններից․ այդտեղից է գալիս կախումը։

-Դատական իշխանության վիճակն արդյոք այնքա՞ն վատ է, որքան ներկայացվում է։

-Մենք վատատես չենք, ուղղակի ասում ենք, որ փտախտի պրոցեսը գնացել է, պետք է իրավական վիրահատություն անել։ Մեթոդներից մեկն էլ հանցավորության դեմ պայքարի եւ կանխարգելման գիտահետազոտական ինստիտուտն է։

-Վտանգ չկա՞, որ նույն կոռուպցիոն գործընթացները կսկսեն գործել նաեւ Ձեր նշած կառույցում։

-Չեմ կարծում, որ գիտնականները նույն մտածելակերպն ունեն, ինչ կաշառակերները։ Ես չեմ կարծում, որ մեկը 10 տարի սոված-ծարավ դիսերտացիա է գրել, կոռուպցիայով կզբաղվի, խոսքը չի վերաբերում, իհարկե, գնված դիպլոմներին ու պատճենած դիսերտացիաներին։ Եթե մարդը ստեղծագործում է, եւ դա իր կյանքի հիմնական նպատակն է, իր մտածելակերպն այդպիսին չի լինի։ «Կոռուպցիա» բառը լատիներենում նշանակում է բարոյական քայքայում։ Եվրոպական պառլամենտը, ազգային շատ խորհրդարաններ իզուր չարչարվում են՝ սրան անուն տալու։ Այս մարդիկ դեգրադացված են, այստեղից է գալիս ողջ խնդիրը։ Մենք պետք է մտածենք, թե այս հիվանդներին ինչպես ենք բուժելու, որ մեզ էլ չհիվանդացնեն, որ մեր տունը մեր ձեռքից չգնա, որ մեր հարեւանը չլացի, որ իր տունը տանում են։ Դրա համար մեր վարչապետը պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնի դատական համակարգին, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել այդ հիմնական քայքայիչ բնույթը, որն անդրադառնում է ե՛ւ գործադիր, ե՛ւ օրենսդիր իշխանությունների վրա։

-Վարչապետն առաջարկում է անցումային արդարադատության մարմիններ ստեղծել։ Ըստ Ձեզ՝ դա լուծո՞ւմ է։

-Պարտադիր չէ նման անուններ նշելը, ես ավելի հակված եմ հանցավորության դեմ պայքարի գիտահետազոտական ինստիտուտ հիմնելուն, այլ ոչ թե ժամանակավոր լուծումների գնալուն կամ նախկինում կատարվածի հետեւանքների ետեւից գնալուն։ Մենք պետք է փորձենք քայլ առ քայլ մաքրելով՝ առաջ գնալ։ Դրա համար պետք է կառույց, որը մշակում է մեթոդաբանությունը։ Այդ առումով վարչապետի հետ համաձայն եմ, գուցե ձեւակերպումներն ուրիշ են, միջազգային տարբեր կոնվենցիաներ կան, որ տարբեր լուծումներ են տալիս, մենք չասենք՝ անցումային արդարադատություն, դրա բազմաթիվ լուծումներ կան, աշխարհը վաղուց դրա լուծումը գտել է այլ մեթոդներով։ Կարեւորն անվանումը չէ, այլ որ դրա անհրաժեշտությունը կա։ Դրա անունը կարող է չլինել անցումային արդարադատություն, այլ հանցավորության դեմ պայքարի գիտահետազոտական ինստիտուտ։

Աղբյուրը՝ https://hraparak.am