Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը երեկ՝ հունվարի 30-ին Հարկային օրենսգրքի փոփոխություններին նվիրված հանրային քննարկման ժամանակ, արձագանքելով փաստաբանական ծառայությունները ԱԱՀ-ից ազատելու առաջարկին, ասաց հետևյալը՝ «Այսօր եթե մենք փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում՝ հանցագործները։ Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»։ Իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանին խնդրեցինք իր դիրքորոշումն արտահայտել օրինագծի և փոխնախարարի կողմից հնչեցրած մտքերի վերաբերյալ․

«Եթե պետությունը իր քաղաքացիներից պարբերաբար հարկեր հավաքելու իրավունք ունի, ապա պարտավոր է նաև պատշաճորեն ապահովել իր քաղաքացիների իրավունքներն, ազատություններն ու օրինական շահերը, ինչպես նաև յուրաքանչյուրի՝ իրավաբանական օգնություն ստանալու մատչելիություն ապահովելը։ Փաստորեն պետությունը իր քաղաքացիներից պահանջում է սահմանված ժամկետներում վճարել բոլոր հարկերն ու տուրքերը, սակայն ոչ մի պատասխանատվություն չի կրում այդ աշխատուժը ճիշտ գնահատելու համար։

Ես տեղյակ էի նաև, որ լրատվամիջոցների հետ ինչ-որ խնդիրներ առաջացան։ Մարդու իրավունքներից և ազատությունների պաշտպանման գործում անուրանալի է նաև լրատվամիջոցների դերը, ինձ համար ամենաթանկը փաստաբաններն ու լրագրողներն են, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով բալանսավորում են այդ իրավունքների և ազատությունների սահմանաչափը։ Մեր հազարավոր քաղաքացիներ լրատվամիջոցների օգնությամբ կարողանում են բարձրաձայնել իրենց ոտնահարված իրավունքներին առնչվող հարցերը կամ պետական գերատեսչությունների հետ խնդիրները, որոնք խոչնդոտ են իրենց ամենօրյա բնականոն կյանքի համար։

Նույն կերպ փաստաբաններն են օգնում հազարավոր մարդկանց, նման ծառայություններ մատուցում, օգնում, որոշ դեպքերում նաև անվճար։ Փաստաբանությունը չի կարելի դիտարկել որպես միայն ձեռնարկատիրական գործունեություն, միայն շահույթ հետապնդող կազմակերպություն։ Մենք պետք է հստակ ուշադրություն դարձնենք, որ ինտելեկտուալ գործունեության տեսակը ունի որոշակի առանձնահատկություններ, և փաստաբանության առանձնահատկությունները չկարևորելը գալիս է այն հանգամանքից, որ այսօր որոշ պաշտոնատար անձանց կամ ԱԺ պատգամավորների մեծամասնության մոտ կա իրավական լսողության որոշակի պակաս։

Ես իմ դիրքորոշումով միանշանակ միանում եմ փաստաբանների հիմնավոր և տեղին զայրույթին ու դիրքորոշմանը, և կարծում եմ, որ նման արտահայտությունները այն մարդկանց կողմից են, ովքեր իրավական լսողության խնդիր ունեն»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ազարյանը։

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փաստաբանների, խորհրդատուների եւ հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել: Նախագծի համաձայն` փաստաբանները ընդհանուր հարկման ռեժիմ են տեղափոխվելու, 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն 20% ԱԱՀ են վճարելու:

Աղբյուրը՝ https://hraparak.am