«Բիզնես-Դիալոգ» ՓԲ ընկերությունը և «Բիզնես Նյուզ» ՍՊ ընկերությունը 2019թ. ապրիլի 27-ին «Central Hotel» հյուրանոցում կազմակերպեցին միջոցառում «Ապրանքների և ծառայությունների կեղծման հակազդեցության արդի ասպեկտները» կարգախոսով։

Միջոցառմանը մասնակցում էին Բիզնես-Դիալոգ ՓԲԸ տնօրեն, իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Ռուսաստանի Դաշնության Որակի ակադեմիայի (ВОК) նախագահ, տնտեսագիտության և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ և ՌԴ գիտության և տեխնիկայի ոլորտում պետական մրցանակի դափնեկիր Գենադիյ Վորոնինը, «Ռուսական Ռեգիստր» սերտիֆիկացման ասոցիացիայի տարածաշրջանային տնօրեն Ալեքսանդր Սանկովը, Սպառողների ասոցիացիա հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը, խոշոր արտադրողներ և ծառայություն մատուցող կազմակերպություններ, բժիշկներ, իրավաբաններ, գիտնականներ, ոլորտի փորձագետներ և այլոք։

Բացման խոսքով հանդես եկավ Ենոք Ազարյանը, ով նշեց, որ միջոցառման նպատակն է արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացման ռազմավարության շրջանակներում որակի և անվտանգության վերահսկողության արդյունավետության բարձրացումը, սպառողներին իրազեկումը՝ շուկայում շրջանառվող կեղծ ապրանքների վերաբերյալ, կեղծման դեմ պայքարելու ռազմավարության իրականացումը, կեղծված արտադրանքի և ծառայությունների հակազդման մեթոդաբանական բազայի ստեղծումը, կեղծված արտադրանքի և դրա իրացման դեպքում իրավական անհրաժեշտ ներգործության միջոցների սահմանման և կիրառման իրավական-համեմատական վերլուծությունը և դրա կատարելագործման հեռանկարները՝ իրավախախտումների արդյունավետ հայտնաբերման եւ կանխման նպատակով։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Անահիտ Սիմոնյանը և Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) անունից շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին նման միջոցառում կազմակերպելու համար, կարևորեց պայքարը կեղծ արտադրանքի և ծառայությունների նկատմամբ, ինչպես նաև տեխնիկական օժանդակության տրամադրումը ոչ միայն պետություններին, այլև մասնավոր սեկտորին, արտադրողներին և ծառայություն մատուցողներին։ Նշեց որակի ենթակառուցվածքների և միջազգային ստանդարտների ներդրման կարևորության և առավելությունների մասին, որոնք նպաստում են որակյալ արտադրանքի արտադրությանը և ծառայությունների մատուցմանը՝ նպաստելով ինչպես դրանց արտահանմանը, այնպես էլ երկրի իմիջին։

Ռուսաստանի Դաշնության Որակի ակադեմիայի (ВОК) նախագահ Գենադիյ Վորոնինը նշեց, որ կարևոր է ևս մեկ անգամ բարձրաձայնել ապրանքների ու ծառայությունների որակի կեղծման խնդիրը, որին այսօր բախվում են բազմաթիվ ընկերություններ: Նա հիշեց, թե ինչպես 45 տարի առաջ Հայաստանում ստացավ իր առաջին դասը որակի մասին՝ «Շոգ էր, հունիս ամիսն էր, ձեզ մոտ կվաս էին վաճառում, ես մոտեցա, երիտասարդն ինձ կվաս լցրեց: Տեսա, որ բաժակը կիսատ էր, հարցնում եմ՝ ինչո՞ւ լիքը չեք լցնում, չէ՞ որ ես վճարում եմ, պատասխանում է՝ կիսատ եմ լցնում, բայց վաճառում եմ որակյալ կվաս»: Այսօր, սակայն, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս սննդամթերքի որակը լուրջ խնդիր է, շատերը դրանց կեղծման ճանապարհով փորձում են գերշահույթ ստանալ: Խնդիրը երկու կողմ ունի` մի դեպքում որոշ ընկերություններ անորակ ապրանք են արտադրում գերշահույթ ստանալու նպատակով, մյուս դեպքում՝ արդեն իսկ բարի համբավ ձեռք բերած ընկերությունների արտադրանքը կեղծում ու ավելի վատ որակով մատուցում են այլ ընկերություններ: Երկրորդ խնդրին հաճախ բախվում են նաև մտավոր սեփականություն արտադրող ընկերությունները: Հեռուստաընկերությունները վերջիններիս թվին են պատկանում, որոնց արտադրանքը սոցցանցերում իրացնում են ցանցահենները՝ դրանով մի քանի անգամ ավելի գերշահույթ ստանալով, քան հենց ինքը` արտադրողը:

Գենադի Վորոնինը կարծում է. «Համաշխարհայնացումն իրեն զգացնել է տալիս, բայց դա զուտ մարդկային գործոնի խնդիր է: Այսօր կան նաև տեխնոլոգիաներ՝ ինպես պաշտպանել արտադրանքը և մտավոր սեփականությունը, իսկ պետությունը կարող է միայն օգնել»:

ՍԱՊԾ ղեկավար Գեորգի Ավետիսյանը նույնպես նշեց ապրանքների և ծառայությունների կեղծիքների դեպ պայքարի կարևորության մասին և որ դա հանդիսանում նրանց համար ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասը։ Անդրադարձավ նաև կեղծման միջոցներին՝ նշելով, որ միշտ չէ, երբ արտադրանքի կեղծումը կարող է վնաս հասցնել սպառողին, սակայն դա հանդիսանում է խաբեություն՝ օրինակ բերելով կաթնամթերքի արտադրությունը, որտեղ օգտագործվում է կաթի փոշի և բուսական յուղ։ Գեորգի Ավետիսյանն անդրադարձավ նաև մամուլին՝ նշելով դրա կարևորությունը որպես գործիք ճնշում գործադրելու ոչ բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ։

Ալեքսանդր Սանկովը հանդես եկավ միջազգային սերտիֆիկացման վերաբերյալ ելույթով՝ նշելով, թե դա որքան կարևոր է որակյալ արտադրանք արտադրելու և ծառայություն մատուցելու համար։ Սակայն ներկայումս կան կազմակերպություններ, որոնք ուղղակի «վաճառում են» սերտիֆիկատներ և դրանք որևէ կերպ չեն կարող օգտակար լինել որակյալ արտադրանքի արտադրության համար։ Իսկ միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների կողմից, ինչպիսին «Ռուսական Ռեգիստրն» է, միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տրված սերտիֆիկատները օգնում են դուրս գալ միջազգային շուկա։

Արմեն Պողոսյանն իր ելույթում նշեց, որ ապրանքների որակի և անվտանգության ապահովումը վիթխարի ու անսահման հարց է, որի լուծումը վաղուց գտնված է և դա պետական ու հասարակական կազմակերպությունների օպերատիվ ու բարեխիղճ համագործակցությունն է։ Թերությունները շատ են, սակայն պետք է տեսնել նաև առաջընթաց արդյունաբերության տարբեր ոլորտներում՝ ինպիսին են պիտակավորումը, լաբորատոր փորձարկումները, ծառայությունների մատուցումը, տեղեկատվության հասանելիությունը և այլն։

Միջոցառման ավարտին «Ռուսական Ռեգիստր» սերտիֆիկացման ասոցիացիայի տարածաշրջանային տնօրեն Ալեքսանդր Սանկովը «Ռուսական Ռեգիստր» ասոցիացիայի և IQNet սերտիֆիկացման միջազգային ցանցի կողմից հանձնեց սերտիֆիկատներ։ Ապրիլի 9-12 Էրեբունի-Պլազա հյուրանոցի Արամե դահլիճում տեղի էր ունեցել ուսուցում ըստ ԻՍՕ 22000 «Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջներ» ստանդարտի։ Դասընթացը վարում էին «Ռուսական Ռեգիստր» սերտիֆիկացման ասոցիացիայի փորձագետները։ Մասնակցում էին Հայաստանի Հանրապետության սննդարդյունաբերության ոլորտի (մսամթերքի, կաթնամթերքի, հանքային ջրի, հրուշակեղենի, մրգի և բանջարեղենի պահածոների արտադրություն) առաջատար մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դասընթացի ընթացքում քննարկվեցին ԻՍՕ 22000։2018 նոր միջազգային ստանդարտի պահանջները և Վտանգների Վերլուծության և Հսկման Կրիտիկական Կետերի` HACCP-ի սկզբունքները, ինչպես նաև սահմանված պահանջների կատարմանն ուղղված միջոցառումները։ Ուսուցումն անցած և քննությունները բարեհաջող հանձնած մասնակիցներին էլ տրամադրվեցին վերը նշված միջազգային երկու սերտիֆիկատները։